2010թ․-ին Հասարակություն առանց բռնության ՀԿ-ը Հուլիսի 27-ը հռչակեց Գենդերային հավասարության օր։ Այդ պահից ի վեր՝ ամեն տարի այս օրը կազմակերպությունն իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը սևեռել գենդերային հիմնահարցերի վրա։ Այսօր, 10 տարի անց, զրուցում ենք ՀԱԲ համահիմնադիր Աննա Արուճյանի հետ օրվա պատմության, խորհրդի, նպատակների և այլ կարևոր թեմաների շուրջ։

 

Ի՞նչ դրդապատճառներ կային Հուլիսի 27-ը Գենդերային հավասարության օր հայտարարելու և ինչու՞ ընտրեցիք հենց այդ օրը։

Գրեթե բոլոր ժամանակակից պետություններում իրավական առումով ամրագրված է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, բայց աշխարհի 51% կազմող կին բնակչության 70%-ը աղքատ է։ Սա նշանակում է, որ դե յուրե գենդերային հավասարության առկայությունը օրենսդրությունում դեռ բավարար հիմք չէ կանանց և տղամարդկանց դե ֆակտո հավասարության հաստատման համար։

Եվ Հայաստանը բացառություն չէ։ ՀԱԲ-ը երկար տարիներ աշխատել և աշխատում է կրթական հաստատությունների հետ, որպեսզի փոխվի մարդկանց ճանաչողական ընկալումը գենդերային հավասարության մասին և հուլիսի 27-ը՝ որպես խորհրդանշական տարվա բաժանարար գիծ, արձանագրվի և նշվի որպես գենդերային հավասարության օր։ Ամեն տարի այս օրը ՀԱԲ-ը նախաձեռնում է հանրային միջոցառում ևս մեկ անգամ ընդգծելու համար սոցիումում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների կարևորությունը։ Վերջին տաս տարիների ընթացքում հուլիսի 27-ին ՀԱԲ-ում ընդգրկված երիտասարդ կանայք գեներացրել և իրականացրել են բազմաթիվ հանրային միջոցառումներ Հայաստանի տարբեր քաղաքներում։

 

Ինչու՞ է կարևոր ունենալ Գենդերային հավասարության օր ազգային մակարդակում։

Որպես խորհրդային ժառանգության մաս Հայաստանում կանանց օր է նշվում մարտի 8-ը, որը, ցավոք, այսօր ոչ մի աղերս չունի այդ օրվա իրական խորհրդի հետ։ Կանանց իրավունքների պայքարի օրը տարիների ընթացքում վերածվել է գարնան, գեղեցկության տոնին և աղճատել այդ օրվա պատմության իսկությունը։ Հայաստանում՝ առանձնացնելով և նշելով հատկապես գենդերային հավասարության հատուկ օր, նպատակ ունի հարցադրել խնդրի կարևորությունը, դրա ճանաչողական ընկալումը և պայքարը իրական հավասարության հասնելու համար, եթե դա ընդհանրապես հնարավոր է կապիտալիզմի պայմաններում։

 

Ըստ Ձեզ՝ հանրային ընկալման ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն եթե Հուլիսի 27-ը ճանաչվի Գենդերային հավասարության ազգային օր։

Գենդերային հավասարության օրը որպես ազգային տոն նշելը ինքնանպատակ չէ։ Եթե նույնիսկ այն համատարած սկսեն տոնել Հայաստանում, ապա մեծ ջանք է պահանջվելու, որպեսզի այն չվերածվի հերթական մարտի 8-ի։ Մենք կարող ենք տասնյակ օրեր առանձնացնել օրացույցի մեջ, բայց առաջնային է, որ փոխվի մարդկանց ընկալումը, ձևավորվի աշխարհայացք, որ անհավասարության առկայությունն է ծնում խտրականություն, բռնություն, ազգասպանություն։

Այդ ճանաչողական ընկալման փոփոխությանը դժբախտաբար հնարավոր չէ հասնել տարվա մեջ մեկ օր առանձնացնելով և նշելով։ Հանրային ընկալման փոփոխության ձեռքբերումների համար պահանջվում է համակարգված, նպատակամիտված ջանքեր և անխոնջ աշխատանք դեռ վաղ տարիքից սերմանել երեխաների մեջ սեր դեպի մարդկությունը՝ չտարանջատելով, չդասակարգելով, չօտարելով մարդկանց՝ ըստ նրանց գենդերի, մաշկի գույնի, սեռականության և այլ հատկանիշների։

 Իսկ գենդերային հավասարության օրը թող խորհրդանշի այդ ձեռքբերումները․․․

 

Ընդհանուր առմամբ ո՞րն է Հայաստանում գենդերային հավասարության Ձեր տեսլականը։

Որքան ավելի շատ եմ ես ուսումնասիրում գենդերային հավասարության կոնցեպտը առկա կապիտալիստական աշխարհում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ պայքարը ոչ թե միտված է հավասարության հաստատմանը, այլ թիրախավորված է անհավասարության դեմ։ Իմ խորին համոզմամբ, մարդկության դժբախտությունների ճնշող մեծամասնությունը՝ աղքատություն, պատերազմ, ցեղասպանություն, ռասիզմ, հենց պայմանավորված են անհավասարության, օտարելու, մարդկանց մի խմբին՝ ինչ-որ տարանջատիչներով, գերադասելու մյուս խմբին սկզբունքով։ Այդ անհավասարության հզոր մեքենայի շահագործմանը և վերարտադրմանը լծված է ամբողջ հայրիշխանական համակարգը՝ իր օրըստօրե ահագնացող ռազմական և կապիտալիստական թևերով։

Իմ տեսլականը որպես ֆեմինիստ ոչ թե ուրախանալն է, որ կանայք կարող են մաս կազմել և տարալուծվել այդ հայրիշխանական մեքենայի մեջ և ինքնսինքյան վերարտադրեն թունավոր առնականության, գենդերային բևեռացված (gender binary) նորմերը, այլ անվերապահորեն հարցադրեն, հարցադրեն, և ևս մեկ անգամ հարցադրեն, թե ինչու են այդ նորմերը պարտադրվում կանանց դարեր շարունակ։

Իմ տեսլականն է, որ կրթական համակարգը Հայաստանում դեռ վաղ տարիքից զարգացնի այդ քննադատական միտքը, սովորեցնի մտածել և վերլուծել երևույթները մեր շուրջ և միայն այդ պարագայում կարելի կլինի խոսել գենդերային հավասարության սկզբունքի աշխարընկալման և կիրարկման մասին։

 

Հասարակություն առանց բռնության ՀԿ-ը և գործընկեր կազմակերպությունների համատեղ իրականացրած «Սեր և հարգանք – Կանխելով բռնությունը դեռահաս զույգերի շրջանում» ծրագրի շրջանակում ներգրավվել են 29 կամավորներ և համակարգողներ 6 երկրներից, աշխատելով ավելի քան 1500 երիտասարդների հետ՝ իրազեկելու և կանխելու բռնությունը դեռահաս զույգերի շրջանում։

Հետևյալ ուղեցույցը մշակվել է երիտասարդ դեսպանների հաջող փորձի հիման վրա՝ ապահովելու հասակակիցների ներգրավվումը դեռահասների շրջանում բռնության բոլոր ձևերը կանխելու գործում։ 

Մի շարք հետազոտություններ փաստում են, որ նույն տարիքային խմբի ներկայացուցիչները բավականին դրական ազդեցություն են ունենում հասակակիցների հայացքների և վերաբերմունքի ձևավորման վրա։  

 

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք «Սեր և հարգանք»-ի կայքէջ` www.love-and-respect.org  

 

 

Դասընթացի մոդուլը մշակվել է «Գործիր» կանանց քաղաքական ակումբ ծրագրի շրջանակում։

Նպատակն է՝ տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել գենդեր և ֆեմինիզմ թեմաների, ինչպես նաև՝ կանանց քաղաքական մասնակցության, խաղաղաշինության գործում կանանց դերի վերաբերյալ։  

 «Գենդեր և ֆեմինիզմ» մոդուլում տեղ են գտել գենդերային դերերի, գենդերային կարծրատիպերի,   խտրականության, գենդերային բռնության, դրա տեսակների, ֆեմինիզմի՝ որպես գաղափարախոսության,   ֆեմինիզմի ալիքների, հայկական համատեքստում ֆեմինիզմի դրսևորումների, մեդիայում գենդերային       կարծրատիպերի վերաբերյալ թեմաներ։

 «Կանայք, խաղաղաշինություն, կանանց քաղաքական մասնակցություն» մոդուլում անդրադարձ է     կատարվում հակամարտության ազդեցությանը կանանց վրա, ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և   անվտանգություն» (ԿԽԱ) բանաձևերին, քաղաքական համատեքստում կանանց դերին, քաղաքական ծրագրի մշակմանը։

Մոդուլը նախատեսված է այն դասընթացավարների և բոլոր նրանց համար, որոնք ցանկություն ունեն վերոնշյալ թեմաների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ստանալ և փոխանցել կանանց՝ նպատակ ունենալով ընդլայնել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակության տարբեր ոլորտներում։ 

Էջ 1, 3-ից

"Take Action" ծրագրի լրաթերթ

  Take action («Գործիր») կանանց քաղաքական ակումբը ձևավորվել է 2019թ -ին։ Ծրագրի հիմնական նպատակն էր խորացնել ակումբի անդամ երիտասարդ կանանց և աղջիկների գիտելիքները քաղաքականության մեջ և խթանել նրանց մասնակցությունը հայաստանյան  հասարակական և քաղաքական դաշտում։

Մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ, հանրային քննարկումներ, հանդիպումներ հայտնի կին քաղաքական գործիչների հետ, ուսումնական այցեր տեղական ինքնակառավարման մարմիններ, Ազգային ժողով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ծրագիրը իրականցվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։

 

 

 

Attachments:
Download this file (Project Newsletter.pdf)Ծրագրի լրաթերթ[ ]8700 kB

Search

Follow us (AM)

Coming Events (AM)

No events found

© 2001-2016 Society Without Violence. All Rights Reserved.