Կարծրատիպերը մարդկանց ու երևույթների մասին կարծրացած պատկերացումներն են, որոնք արմատավորվում են մարդկանց մտածելակերպում, վերածվում համընդհանուր կարծիքի և հեշտությամբ տարածվում են հասարակության ﬔջ:
Գենդերային կարծրատիպերը տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության ﬔջ գոյություն ունեցող կայուն պատկերացուﬓերն են տղամարդկանց և կանանց վերաբերյալ:
Գենդերային կարծրատիպերը յուրացվում են մանուկ հասակից, շատ կայուն են,դժվար են փոփոխվում, յուրացվում են նույնիսկ այն խմբերի կողﬕց, որոնց նկատմամբ ձևավորվել են: Գենդերային կարծրատիպերը գործում են ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակում:
Մարդկանց կատեգորիաների բաժանելը հեշտացնում է իրականության ընկալումը։ Ամենուրեք և անընդմեջ երկբևեռ սահմանների ստեղծումը, սոցիալական «կաղապարները», որոնց մեզ պարտադրում են պատկանել, ուղղակի հեշտացնում է սոցիումի կազմակերպումը, ուժի և իշխանության դինամիկան և մեզանից ակնկալվող սոցիալական դերերը։
Գենդերային կարծրատիպերի զոհեր կարող են լինել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Շատ հաճախ գենդերային կարծրատիպերի հետևանքով մարդիկ չեն կարողանում ինքնարտահայտվել, մասնագիտական հաջողությունների հասնել, կայանալ որոշակի ոլորտներում կամ ընտանիքում, փոխարենը դառնում են շրջապատի կարծրացած մտածելակերպի զոհ` գնալով որոշ զիջողությունների: Այդ պատճառով կարևոր է կարծրատիպերի դեմ պայքարելը և դրանք կոտրելը։
Գենդերային կարծրատիպերի արդյունքում ձևավորվում են գենդերային նորﬔր, որոնք կանանց և տղամարդկանց վարքի որոշակի ընդունված կանոններ են։ Գենդերային նորﬔրը պարտադրվում են մարդկանց՝ նրանց կենսաբանական սեռից ելնելով՝ հասարակությունում իշխող պատկերացուﬓերին և սպասելիքներին համապատասխան։
Ելնելով այդ պատկերացուﬓերից՝ տղամարդիկ և կանայք կատարում են գենդերային դերեր, որոնք հասարակության կողﬕց կենսաբանական սեռին թելադրվող վարքի որոշակի մոդելներ են։
Գենդերային կարգավիճակների և գենդերային փոխհարաբերությունների անհամաչափությունները բացատրվում են սեռային տարբերություններով` դրանով իսկ «բնական» դարձնելով խտրականությունը: Այստեղ արհեստականորեն ստեղծված սոցիալական դերաբաշխումները ավելի շատ քողարկում են խտրականությունը և մատուցում որպես սեռերի միջև առկա տարբերություններ («սեռ» և «գենդեր» հասկացությունների նշանակության մասին ընթերցեք «Գենդեր» և «Սեռ» հոդվածում)։
Գենդերային խտրականությունը ﬕ գործելակերպ է, երբ տղամարդկանց և կանանց ﬕջև սեռի հատկանիշով պայմանավորված տարբերակում է դրվում, և նախապատվություն է տրվում որևէ սեռի, ինչը հանգեցնում է նրանց իրավահավասարության սահմանափակմանը կամ վերացմանը: